Թուրքական փորձարարական գնացքն Ախալքալաքով կիսադատարկ է անցել
Ախալքալաքում այդպես էլ չզգացին, որ Թուրքիայից անցավ առաջին բեռնատար գնացքը, որն ուղեւորվում է դեպի Չինաստան: 42 բեռնարկղերի մեծ մասը դատարկ էր, դրանք կբեռնվեն Չինաստանում, երբ ապրանքները ուղղորդեն դեպի Լոնդոն: Այս մասին JNEWS-ին հայտնեց «Ախալքալաքի» կայարանի աշխատակիցը, ով մասնակցել է երկաթգծի ռելսերի փոփոխությանը:
Դեկտեմբերի 8-ի գիշերը Թուրքիայից բեռնատար գնացքը հասել է Ախալքալաք, իսկ կեսգիշերից այն սկսել է փոխել ռելսերը Ախալքալաքի կայարանում: Եվրոպական տիպի նեղ ռելսերը փոխարինվել են հին, լայն տիպով, քանի որ Ախալքալաքից դեպի Թբիլիսի երկաթգիծը վերականգնվել էր, և Թուրքիայից Ախալքալաք կառուցվել էր նոր ուղի՝ նոր չափանիշներով: Ռելսերի փոփոխման աշխատանքներն ավարտվել են մինչև ժամը 7:00-ն: Երկաթուղու ռելսերը փոխող աշխատակիցն ասաց, որ բեռնատար գնացքը 42 բեռնարկղով փորձարարական է, փորձարկվում են գնացքի անցման ժամանակն ու պայմանները՝ 8 693 կիլոմետր եկաթուղով: Ըստ նույն աշխատողի, բեռնարկղերում հիմնականում էլեկտրական և այլ ապրանքներ էին, բեռնարկղերի մեծ մասը դատարկ էր, դրանք կբերռնվեն արդեն Չինաստանում:
Կարծախում և Դադեշում չեն զգացել բեռնատար գնացքի անցումը: Բնակիչների խոսքով՝ նրանք ոչ տեսել են, ոչ էլ լսել:
«Ես երկաթուղուց 15 մետր հեռավորության վրա եմ ապրում, ոչ տեսել եմ, ոչ էլ լսել», – ասում է գյուղի բնակիչը:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, արտահանվող ապրանքներով գնացքը Թուրքիայից դուրս է եկել դեկտեմբերի 4-ին և կանցնի 8 693 կիլոմետր Տրանսկասպյան երթուղով` Արևելք-Արևմուտք միջանցքով:
Ախալքալաքում կանգառումից հետո բեռնատար գնացքը կուղեւորվի դեպի Ադրբեջան, այնուհետև կշարժվի դեպի Ղազախստան և վերջապես կհասնի Չինաստանի Սիան նահանգ:Jnews.ge