Ջավախքն ընդդիմության խորհրդարան մտնելուց կշահի
Ջավախքից Վրաստանի խորհրդարանում հնարավոր է հայտնվի ոչ թե 2, այլ 3 պատգամավոր, եթե ընդդիմությունն ու իշխող կուսակցությունը համաձայնության գան և ընդդիմությունը մտնի խորհրդարան: Երրորդ պատգամավորը կարող է լինել «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից Արսեն Կարապետյանը:
Ընդդիմության և իշխող կուսակցության միջև ընթանում են բանակցություններ, ընդդիմությունը համառորեն հրաժարվում է մտնել Վրաստանի խորհրդարան՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը մեղադրելով վերջին խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ: Ընտրություններից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Ջավախքից իշխող կուսակցության կողմից խորհրդարան կմտնի 2 պատգամավոր՝ Սամվել Մանուկյանը, Ախալքալաք-Նինոծմինդա շրջանից՝ մեծամասնական ընտրակարգով, և Սումբաթ Կյուրեղյանը՝ կուսակցության համամասնական ընտրացուցակներով:
Թեև, ինչպես հայտնի դարձավ, եթե ընդդիմությունը համաձայնի մտնել խորհրդարան, այնտեղ կլինի նաև Արսեն Կարապետյանը, ով Ախալքալաք-Նինոծմինդա շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն էր: Հոկտեմբերի 31-ին հավաքած ձայներով «Եվրոպական Վրաստանը» ստացել է 5 մանդատ: Արսեն Կարապետյանը կուսակցության ցուցակներով 29-րդ համարի ներքո էր:
«Այո, մենք բոյկոտում ենք խորհրդարանը: Դուք, հավանաբար, գիտեք, որ ըստ համամասնական ընտրակարգի, ներքին ցուցակների համաձայն, ես մեր կուսակցությունից անցել եմ խորհրդարան, բայց ես, ինչպես և իմ թիմը, հրաժարվում ենք մասնակցությունից: Սկզբունքորեն ես անցել եմ ըստ չափանիշների, բայց դա չի նշանակում, որ կմտնեմ խորհրդարան կամ ինձ համար հետաքրքիր է լինել խորհրդարանում, արդարացնել այն ֆարսը, որը տեղի ունեցավ ընտրություններում: Միանշանակ, ես, իմ թիմը և, մեծ հավանականությամբ, մյուս ընդդիմադիրները, եթե նրանք հավակնություններ ունեն ավելի խորը մասնակցելու Վրաստանի կառավարությանը, չպետք է մտնեն այս խորհրդարան, քանի որ սա այն սևի մաքրումն է, որը Վրաստանում տեղի ունեցավ ընտրությունների ժամանակ», – ասում է Արսեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը փոփոխությունների փաթեթ էր առաջարկել երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար: Քննարկումները բաց են չորս կետերից երկուսի դեպքում, որոնք ներառում են ընտրական համակարգի բարեփոխումները և ընտրական վարչակազմի փոփոխումը, սակայն իշխանությունները չեն քննարկում արտահերթ ընտրությունների հարցը, ինչն ընդդիմության համար առանցքային պահանջ է հանդիսանում: «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ը քաղբանտարկյալների ազատ արձակումը նույնպես բացառում է քննարկել:Jnews.ge