Մի շտապեք փոխել անձնագիրը. Ինչ է սպասվում
2021թ.–ի հունվարի 1–ին ավարտվող ժամկետով անձնագրերը ՀՀ քաղաքացիները Հայաստանում կարող են օգտագործել ևս մեկ տարի` մինչև 2022թ.–ի հունվարի 1–ը։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում այսօր համապատասխան փոփոխությունն ընդունվեց ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ։
'
Նշենք, որ գործող օրենքով նախատեսվում էր, որ 2021թ–ից ՀՀ–ի ներսում պետք է կիրառվի ID քարտ, որը կփոխարինի ժամկետը լրացած անձնագրերին։ Իսկ անձնագրերն էլ աստիճանաբար պետք է դուրս գան շրջանառությունից։
Կենսաչափական անձնագիրն այսպիսով ՀՀ քաղաքացիներին կարող է պետք գալ միայն ՀՀ–ից դուրս գալու համար։
Հիշեցնենք` ID քարտերի պատրաստմամբ ՀՀ–ում զբաղվում էր PWPW լեհական ընկերությունը, որի հետ պայմանագրի ժամկետը լրացել էր 2017թ.–ին։ Կառավարության ներկայացուցչի մեկնաբանությամբ` նոր մրցույթի անցկացմանը խանգարել է կորոնավիրուսի համավարակը։
Կառավարությունը չի բացառում, որ անձնագրերն ու ID քարտերը կարող են պատրաստվել նաև Հայաստանում։