Ադրբեջանը գրոհել է հայկական դիրքերից մեկը. կա 6 վիրավոր
Երեք պահեստազորայիններ տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ են ստացել Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերից մեկում։ Այս մասին հաղորդում են ԼՂ Պաշտպանության բանակից։ Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Հադրութի շրջանում հայկական ուժերը դիմել են «զինված սադրանքի», ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում․
«Իրականում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»։
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը հայտնում է, որ Հին Թաղերը և Խծաբերդ գյուղերում թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր:
«Ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի) վստահեցրել, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ»,- նշում է Հայկ Խանումյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ հաղորդել էր, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու
համար:
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում կրակոցների դեպքից հետո Ռուսաստանը հակամարտության կողմերից պահանջել է զինադադար պահպանել։