Ալիևը՝ երկու տիրոջ արանքում
National Interest ամերիկյան պարբերականի վերլուծաբան Մայքլ Ռուբինի փոխանցմամբ, Ադրբեջանը նոյեմբերի 9-ը՝ եռակողմ համաձայնության օրը, կարող է համարել Հայաստանի նկատմամբ հաղթանակի օր, բայց երբ տոնախմբությունների օրերն անցնեն, ադրբեջանցիները գուցեև կսկսեն գիտակցել, որ դա երկրի իրական անկախության ավարտի մեկնարկն է:
Նախագահ Իլհամ Ալիևը կարողացել է վերադարձնել հոր՝ Հեյդար Ալիևի ղեկավարման օրոք հայերի հսկողության տակ անցած տարածքները, նա կարողացել է հաջողությամբ մոլորեցնել ամերիկացիներին՝ խոստանալով դիվանագիտական ջանքերով լուծել խնդիրն ու դրա դիմաց զենք և փող կուտակել անսպասելի ռազմական հարձակում կատարելու համար, նա կարողացել է ամրացնել իր անձնական իշխանությունը և դարձել է Թուրքիայի ու Ռուսաստանի անփոխարինելի դաշնակիցը:
Ադրբեջանը հաղթել է, Հայաստանը՝ պարտվել, բայց Ադրբեջանն էլ է կորցրել, քանի որ այդ հաղթանակը ձեռք է բերվել երկրի անկախության և ինքնիշխանության հաշվին, ընդգծում է Ռուբինը։
Հիմա Ադրբեջանում ռուսական զորքն է, որի նպատակն է երաշխավորել հրադադարը: Սակայն, ինչպես Ռուբինն է նշում, Ադրբեջանում պետք է լավ իմանան, որ ռուսները, որպես կանոն, «շատ արագ են գալիս և շատ դանդաղ են հեռանում»:
Թուրքերն էլ դժվար թե հեռանան Ադրբեջանից: Եթե Ադրբեջանի նպատակն էր վերադարձնել 1988-94 թվականին կորցրած տարածքները, ապա նախագահ Ռեջեփ Էրդողանն ունի շատ ավելի հեռու գնացող պանթուրքական ծրագրեր և ցանկանում է ստեղծել ու առաջնորդել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների հետ մշակութային, տնտեսական ու քաղաքական դաշինքը: Այն կձգվի մինչև Չինաստանի ույղուրների երկրամաս, որը տեղացիներն անվանում են «Արևելյան Թուրքեստան»:
Այս ղարաբաղյան պատերազմում թուրքերը հասել են Ադրբեջան և ռազմական օգնություն են տրամադրել, և հիմա Ալիևը չունի նրանց հեռացումը խնդրելու կարողություն, նույնիսկ եթե ցանկանա դա անել: Առաջին անգամ 1918 թվականին է Ադրբեջանը հռչակել անկախություն, սակայն 23 ամիս անց եկել են ռուս բոլշևիկները, ու անկախությունը փոխարինվել է խորհրդային իշխանությամբ:
Երկրորդ անգամ Ադրբեջանն անկախություն է հռչակել 1991-ին: Այս փորձն ավելի երկար է տևել, բայց հիմա՝ 2020-ին, նույն ավարտն է՝ նորից եկել են օտար զորքեր: Դրանցից մեկը ենթարկվում է Կրեմլին, մյուսը՝ Աք Սարային (Անկարայում Թուրքիայի նախագահի նստավայրը): «Գուցեև այս զարգացումներով նշանավորվում է Ադրբեջանի իրական անկախության կորստի սկիզբը», - կարծիք է հայտնում ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը:
Այն, որ Ալիևը, այսպես ասած՝ «կրակի հետ է խաղում», ակնհայտ է: Մի կողմում Ադրբեջանի տարածքում հայտնված վարձկան գրոհայինները դեռ չկան տեղեկություններ, որ հետ են վերադարձել Սիրիա: Նշանակում է, ցանկացած պահի նրանք կարող են Ադրբեջանի իշխանության համար խնդիրներ առաջացնել, ընդ որում Էրդողանի ձեռքով:
Մյուս կողմից՝ Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունն է Ադրբեջանում: Տարիներ շարունակ պաշտոնական Բաքուն մերժել է ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարին: Հիմա համաձայնել է: Իսկ դա նշանակում է՝ սեփական երկրում ռուսական ազդեցության էլ ավելի մեծացում՝ դրանից բխող հետևանքներով:
Hayeli.am