Ջավախքում բնակիչներն օգտվել են պետության տրամադրած օգնություններից
Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների 17 402 բաժանորդներից 10 062-ը նոյեմբերին սպառել է 200 խ/մ-ից պակաս բնական գազ, որի արդյունքում պետությունը կոմունալ ծառայությունների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում մարում է այդ ծախսերը:
Ըստ Ջավախքի «SJGC» գազաբաշխիչ ընկերության, Ջավախքում 2020 թ.-ի նոյեմբերին սուբսիդավորումը վերաբերել է 10 062 բաժանորդի, որից 6 232-ը՝ Ախալքալաքի, իսկ 3 830-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Այս բաժանորդներն ընդհանուր հաշվով սպառել են 1 047 414 խորանարդ մետր գազ:
Ընդհանուր առմամբ Ջավախքում (Ախալքալաք և Նինոծմինդա) բնական գազից օգտվում է շուրջ 17 402 բաժանորդ: Տոկոսային հարաբերակցությամբ, սուբսիդավորումը վերաբերել է Ջավախքի բաժանորդների 57.82% -ին:
Հիշեցնենք, որ COVID-19- ի տարածման բարդ իրավիճակի պատճառով, Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել փակել բաժանորդների կոմունալ ծախսերը ևս 4 ամիսների ընթացքում: Այս արտոնությունից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր ամսական օգտագործում են ոչ ավելի, քան 200 խորանարդ մետր բնական գազ և 200 կվտ էլեկտրաէներգիա:
Նշենք նաև,որ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովը (GNERC), կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որոշում էր կայացրել կոմունալ վճարումների էլեկտրոնային կտրոնների պարտադիր օգտագործման մասին:
Էլեկտրաէներգիա, բնական գազ և խմելու ջուր սպառողները կոմունալ ծառայությունների էլեկտրոնային կտրոնները պիտի ստանային համապատասխան կոմունալ ծառայությունը մատուցող ընկերությունում գրանցված բջջային հեռախոսահամարին՝ կարճ տեքստային SMS հաղորդագրության միջոցով, սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետում բաժանորդները դրանք դեռ կստանան հին ձևով՝ թղթե կտրոններով:
Jnews.ge