Ուսուցիչներին ՔՈՎԻԴ-19 դեմ պատվաստելը պետք է առաջնահերթ լինի. ՅՈՒՆԻՍԵՖ
«ՔՈՎԻԴ-19 համավարակը կործանիչ ազդեցություն է ունեցել երեխաների կրթության վրա ամբողջ աշխարհում։ Հետևաբար, ուսուցիչների պատվաստումը կարևոր նշանակություն կարող է ունենալ երեխաների կրթության բնականոն ընթացքն ապահովելու համար։
2020 թ.-ի ապրիլի վերջին, երբ համավարակի տարածումը բարձրակետում էր, ազգային մակարդակով փակվեցին կրթական հաստատությունները, ինչը խաթարեց աշակերտների և ուսանողների գրեթե 90 տոկոսի ուսումն ամբողջ աշխարհում։ Թեև այժմ փակ կրթարանների թիվը նվազել է, դրան զուգահեռ աճում են ապացույցները, որ դպրոցները չեն հանդիսանում վարակի տարածման հիմնական աղբյուրը, այնումանայնիվ, չի դադարում անհիմն ենթադրությունը, թե դպրոցների փակումը կասեցնելու է հիվանդության տարածումը։ Արդյունքում, քանի որ ամբողջ աշխարհում վարակի դեպքերը լույսի արագությամբ աճում են, դպրոցները կրկին փակվում են։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում կրթական հաստատությունները փակ են յուրաքանչյուր 5 դպրոցականից 1-ի համար կամ ընդհանուր առմամբ՝ 320 միլիոն երեխայի։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումները սկսելուն պես` առաջնագծի առողջապահական կազմի և բարձր ռիսկային խմբերից հետո, պատվաստելու առաջնահերթությունը տալ ուսուցիչներին։ Սա կօգնի պաշտպանել ուսուցիչներին վարակից, թույլ կտա վերականգնել առկա ուսուցումն ու բաց պահել դպրոցները։
Չնայած պատվաստանյութերի հատկացման առաջնահերթությունները որոշում են կառավարությունները, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ տևական ժամանակ բաց թողնված և թերի կրթության հետևանքները կարող են շատ վատը լինել հատկապես խոցելի խմբերի համար։ Որքան երկար երեխաները չհաճախեն դպրոց, այնքան քիչ է նրանց՝ դպրոց վերադառնալու հավանականությունը, և նույնքան դժվար է ծնողների համար վերսկսել աշխատանքը։
Սրանք բարդ որոշումներ են, որոնք պահանջում են նույնքան բարդ փոխզիջումներ։ Բայց չպետք է ծանր լինի այն որոշումը, որն ուղղված է երաշխավորելու հաջորդ սերնդի ապագան։ Դա սկսվում է այդ ապագայի համար պատասխանատու մարդկանց պաշտպանությունից»։
News.am