Ախալքալաքում տոնավաճառն ու խանութները դատարկ են
Ախալքալաքում հագուստի, կոշկեղենի և կենցաղային տեխնիկայի խանութների սեփականատերերը, ինչպես նաև հագուստի շուկայի առևտրականները բողոքում են, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին առևտուրը կանգնել է: Առևտրականները Նոր տարվա նախաշեմին ակտիվ առևտրի հույս ունեն:
Նախատոնական թոհուբոհը մթերային խանութներում արդեն նկատելի է: Թեև, դեկտեմբերին բնորոշ եռուզեռը չի նկատվում այլ խանութներում: Հագուստի, կոշկեղենի և կենցաղային տեխնիկայի խանութների սեփականատերերը, ինչպես նաև հագուստի շուկայի վաճառողներն ասում են, որ նախորդ տարվա համեմատ առևտուր գրեթե չկա: Ըստ վաճառականների, այս տարի չկա նախորդ տարվա առևտրի նույնիսկ կեսը:
«Առավոտվանից ոչինչ չեմ վաճառել, գնորդներ չկան», – ասում է Աստղիկ Ստամբոլցյանը:
Առևտրականները սկզբում ակտիվ առևտրի հույս ունեին սեպտեմբեր ամսին, բայց նրանց սպասելիքները չարդարացան: Դե իսկ հիմա, ինչպես ասում են նրանք, ակտիվ առեւտրի հույս ունեն նոր տարվան շեմին:
Ծովինար Իրիցյանի խոսքով՝ գարնանային հագուստը, որը նա գնել էր դեռ գարնանը, մնացել է առանց գնորդի: Այնուամենայնիվ, նա ցանկանում է մեկնել Թբիլիսի՝ նոր ապրանք գնելու նպատակով:
«Դեկտեմբերի 24-ից հետո Լիլոն կբացվի, ես կգնամ Թբիլիսի և նոր ապրանք կբերեմ, տեսնեմ` կարո՞ղ եմ վաճառել», – ասում է նա:
Առևտրականներն ասում են, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ վնաս են հասցրել ինչպես վաճառողներին, այնպես էլ գնորդներին:
«Նախկինում գրեթե յուրաքանչյուր ընտանիքից ինչ-որ մեկը մեկնում էր խոպան, բայց այս տարի շատերը չկարողացան մեկնել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հետևաբար, մարդիկ հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ», – ասում է հագուստի շուկայի վաճառականը:
Վաճառողուհի Աստղիկ Քուրքչյանի խոսքով՝ գնորդներ գրեթե չկան, իսկ ապրանքները նույնպես քիչ են, քանի որ սահմանները փակ են:
«Գնորդներ գրեթե չկան: Ապրանքը նույնպես քիչ է, քանի որ սահմանները փակ են, և մենք այլ երկրներ չենք կարող գնալ նոր ապրանք բերելու: Այս պահի դրությամբ փակ է նաև Լիլոն», – ասում է նա:
Ըստ առևտրականների, քանի որ Լիլոն փակ է, նրանք ապրանք բերելու համար չեն գնում Թբիլիսի, մեծածախներն իրենք են բերում, բայց դա ունի իր բացասական կողմերը:
«Մենք առաջ Թբիլիսիում ապրանքն ինքներս էինք գնում, հետո վաճառում էինք այստեղ: Այս պահին ապրանքը նրանք են բերում այստեղ և մեզ շատ ավելի թանկ գնով են վաճառում: Բնականաբար, մենք էլ ենք ստիպված ավելի թանկ գնով վաճառել»,- ասում է հագուստի շուկայի առևտրականներից մեկը:
Ինչպես պնդում է նա, անցյալ տարի օրական նա վաստակում էր 300 լարի և նույնիսկ ավելին, իսկ հիմա 5-7 օրվա ընթացքում նա չի կարողանում վաստակել նախորդ տարվա օրական վաստակածի չափ:
Jnews.ge