Արցախյան պատերազմի մասնակիցները երթևեկության կանոնները խախտելու համար չեն տուգանվի
Կչեղարկվեն այն վարչական որոշումները, որոնք կայացվել են ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի և Արցախի քաղաքացիների կողմից սույն թվականի սեպտեմբերի 27-ից մինչ դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտումների համար: Այս մասին կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում հայտնեց ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը բարձրացրել էր այն հարցը, որ պատերազմին մասնակիցների երթևեկության հետ կապված գալիս են տուգանքներ այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությունից են որոշակի երթևուկության կանոններ խախտել:
«Ցավոք սրտի, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել այդ արտոնությունից: Շատ կարևոր է հնարավորինս արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել և պաշտոնապես հաստատել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: