400 հազար լարի Նոր տարվա միջոցառումների համար
Ամանորի միջոցառումներին հնարավորինս շատ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ ներգրավելու համար 400 հազար լարի կհատկացվի Թբիլիսիի քաղաքապետարանին:
Նշվածի մասին հայտարարություն է արել էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ համակարգող նիստի ավարտից հետո:
«Այսօր միջգերատեսչական խորհուրդը քննարկեց և որոշում կայացրեց մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, երաժիշտների վերաբերյալ: Ինչպես գիտեք, սովորաբար համաճարակից առաջ նրանք միշտ շատ ակտիվ մասնակցում էին ամանորյա միջոցառումներին, որոնք անցկացվում էին ամբողջ Վրաստանում՝ տարբեր հյուրանոցներում և ռեստորաններում: Մեր մշակույթի գործիչները մեր օրերում զրկված են այս հնարավորությունից, քանի որ առկա սահմանափակումների պատճառով դուք գիտեք, որ գործող ռեստորաններ չկան: Մենք նաև խստորեն արգելել ենք հյուրանոցներին համերգային միջոցառումներ անցկացնել: Ըստ այդմ, մենք որոշում ենք կայացրել, և Թբիլիսիի քաղաքապետարանը 400 հազար լարի կհատկացնի՝ Ամանորի միջոցառումներում հնարավորինս շատ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ ընդգրկելու, այլ կերպ այս հնարավորությունից զրկված երաժիշտների համար: Գիտեք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է ամանորյա տարբեր համերգային ծրագրեր, իհարկե, անվտանգ ռեժիմով, առանց հանդիսատեսի, որոնք կհեռարձակվեն հեռուստատեսությամբ: Կարծում ենք, որ դա շատ ճիշտ և ժամանակին ընդունված որոշում է, որը կուրախացնի մշակութային շատ գործիչների այս ծանր իրավիճակում, ովքեր տուժել են», – ասաց Նաթիա Թուրնավան: