Դեղորայքի գները կնվազեն
Վրաստանում դեղորայքի գները կիջնեն, բայց դա պետք է դառնա առողջապահական բարեփոխումների մաս: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ խորհրդարանում պատասխանելով «Վրացական երազանք» խմբակցության պատգամավորների հարցերին:
«Առողջապահության համընդհանուր համակարգի բարեփոխումն արդեն սկսվել է, և դրա բաղադրիչները պետք է լինեն բնակչության առողջապահության համար ծախսերի նվազեցումը և առաջնային առողջապահության ամրապնդումն ու բարեփոխումը, դրանք Առողջապահության նախարարության առաջնային և գլխավոր մարտահրավերներն են, որոնք այն պետք է հաղթահարի մոտ ապագայում: Դրա համար շատ գործիքներ կան, բայց վերջնական արդյունքը պետք է լինի դեղորայքի գների իջեցումը», – ասել է Գախարիան:
Նա ընդգծել է, որ առողջապահական բարեփոխումները չպետք է բացասաբար անդրադառնան հիվանդներին մատուցվող ծառայությունների որակի վրա:
«Այսօր համընդհանուր առողջապահությունն էլ իդեալական չէ, այն նույնպես հետագա բարեփոխումների կարիք ունի, և, ինչպես գիտեք, այս բարեփոխումը սկսվել է Առողջապահության նախարարությունում, բայց քաղաքացիների գրպանից վճարումները կրճատելն առաջին և գերակա առաջնահերթությունն է, որին պետք է արձագանքի առողջապահական համակարգը, ինչպես նաև առաջնային առողջապահության ամրապնդումն ու բարեփոխումը», – նշել է Գախարիան:
Համընդհանուր առողջապահական ծրագիրը (քաղաքացիների պետական բժշկական ապահովագրություն) Վրաստանում գործում է 2013 թվականից:
Ծրագիրն ընդգրկում է վեց խումբ. Թիրախային խմբեր (5 տարեկանից ցածր երեխաներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, սահմանափակ կարողություններ ունեցող անձինք, ուսուցիչներ և սոցիալապես անապահով մարդիկ), բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներ, միջին եկամուտ ունեցող քաղաքացիներ, 70 հազարից մինչև 100 հազար վարկանիշային միավոր ունեցող քաղաքացիներ, դեռահասներ (6-ից 18 տարեկան) և ցածր, անկայուն եկամուտ ունեցող քաղաքացիներ: