Թուրքիա գնացող գումարը դառնում է հայ զինվորի վրա ուղղված գնդակ. էկոնոմիկայի նախարար
Դեկտեմբերի 31-ից Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կարգելվի։ Թուրքականին կփոխարինեն ԵԱՏՄ և ԵՄ երկրներից, Չինաստանից, ինչպես նաև Վրաստանից ներմուծվող ապրանքները։
Գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է հայ զինվորի վրա ուղղված գնդակ. պետք է հնարավորինս քիչ փող ծախսել այդ ուղղությամբ։ Նման հայտարարություն է արել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով դեկտեմբերի 31-ից Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքին։ Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա հետ հարցազրույցը։
«Վերջին մի քանի ամիսներին էկոնոմիկայի նախարարությունն ինտենսիվ աշխատել է բոլոր այն տնտեսվարողների հետ, ում մոտ հնարավոր է խնդիրներ առաջանային թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ: Լուծել ենք բոլոր խնդիրները»,–ասել է Քերոբյանը հարցազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` թուրքականին կփոխարինեն ԵԱՏՄ և ԵՄ երկրներից, Չինաստանից, ինչպես նաև Վրաստանից ներմուծվող ապրանքները։ Ինչ վերաբերում է այդ համատեքստում հայկական շուկայի զարգացմանը, ապա նախարարը նշում է, որ առաջին հերթին հայկական ապրանքը պետք է լինի որակով։ Ըստ Քերոբյանի` հայկական արտադրանքն իրավունք չունի արտադրվելու միայն Հայաստանի համար. պետք է ինչ–որ բան արտադրել` մտածելով աշխարհի մասին։
«Մենք ամեն կերպ հորդորում ենք Հայաստանից Թուրքիա մտնող գումարի խնդիրն ընկալել ամենայն խորությամբ և հայրենասիրությամբ. 99 տոկոսով մեզ դա հաջողվում է»,–ասում է էկոնոմիկայի նախարարը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա ժամանակավոր արգելքը։