Ախալքալաքի կարիքավորներն օգնություն են ստացել, որը հավաքվել էր Ղարաբաղի փախստականների համար
Հունվարի 21-ին, «Ջավախք» հիմնադրամը սկսել է սնունդ բաժանել Ախալքալաք քաղաքի անապահով ընտանիքներին: Յոթ ընտանիք ստացել է սննդի փաթեթ: Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
Վերջերս «Ջավախք» հիմնադրամի ժողովում հիմնադիրներից Կարեն Պապիկյանը հաշվետվություն էր ներկայացրել հիմնադրամի կատարած աշխատանքների վերաբերյալ: Այնուհետև առաջարկ էր հնչել մնացած սննդամթերքը բաժանել Ջավախքի կարիքավոր ընտանիքներին:
Այսօրվանից «Ջավախք» հիմնադրամի կամավորները սկսել են բաժանել սննդամթերքը, որը հավաքվել էր Ջավախքի բնակիչների կողմից՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Այդ ժամամակ հիմնադրամը մարդասիրական օգնությամբ լի մի քանի բեռնատար էր ուղարկել Հայաստան: Մնացած սննդամթերքը Հայաստան հասցնելու և փախստականներին բաժանելու համար՝ սահմանը հատելիս պետք է բարձր տուրքեր վճարվեր, ուստի որոշվել է մնացած սննդամթերքը բաժանել կարիքավոր մարդկանց Ախալքալաքում, Նինոծմինդայում և գյուղերում:
Ախալքալաքի յոթ ընտանիքներ արկղերով ստացել են արեւածաղկի ձեթ, պահածոներ, կոմպոտներ, մուրաբաներ, քաղցրավենիք և այլ սնունդ: Թեպետ, սա դեռ առաջին օրն է, և նախաձեռնությունը շարունակական է լինելու:Jnews.ge