Վրաստանի երկինքը բացվում է
«Flydubai» ավիափոխադրողը հունվարի 28-ից վերականգնեց Վրաստանի հետ թռիչքները։ Այս մասին տեղեկացնում է Ալիք Մեդիան, հենվելով «TAV Georgia»-ի կողմից տարածված նյութի վրա։
Ընկերությունը հայտնում է, որ Դուբայ-Թբիլիսի-Դուբայ կանոնավոր չվերթներ իրականացվելու են ամեն երկուշաբթի և հինգշաբթի։
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները:
«Փետրվարի 1-ից մենք կվերացնենք կանոնավոր չվերթների սահմանափակումները: Սա նշանակում է, որ մինչ օրս Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, կամ նույնիսկ նոր ավիաընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել Վրաստան, կկարողանան ժամանակավոր չվերթներ պլանավորել և իրականացնել որոշակի հաճախականությամբ», — հայտարարել է Թուրնավան՝ հավելելով, որ այս ամենը տեղի կունենա բոլոր տեսակի բժշկական կանոնակարգերի և անվտանգության կանոնների պահպանմամբ:
Հիշեցնենք՝ 2020-ի մարտին պանդեմիայի ֆոնին Վրաստանը փակեց սահմանն օտարերկրյա քաղաքացիների համար, արգելեց ավիահաղորդակցությունը` բոլոր ուղղություններով։ Կառավարությունը մի քանի անգամ արդեն երկարաձգել է չվերթների արգելքի ժամկետը։ Վերջին կարգավորումներով` ժամկետը երկարաձգվել էր մինչև ընթացիկ տարվա հունվարի 31-ը։ Սահմանափակումները չեն տարածվում Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի ու Միլանի օդանավակայանների վրա, չեն վերաբերում նաև Քութաիսիի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Վիլնյուսի, Դորտմունդի միջև թռիչքներին։