Չնայած արգելքին՝ Վրաստանում ռեստորանները կբացվեն
Փետրվարի 6-ին Վրաստանում շուրջ 200 ռեստորաններ կվերաբացվեն։ Այս որոշման մասին Facebook-ում հայտարարել է սննդի օբյեկտների «Gastronaut» բիզնես խորհրդատվական գործակալության համահիմնադիր Լևան Կոկիաշվիլին:
«Ողջամիտ ելք գտնելու փոխարեն՝ իշխանությունները հրաժարվեցին մեզ հետ հանդիպումից: Համառ փորձից բացի, այլ ելք չենք տեսնում: Մենք կբացվենք և կաշխատենք, ինչպես միշտ, պահպանելով բոլոր կանոնները։ Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք: Պարզապես կարծում ենք, որ այս առումով ավելի վտանգավոր չենք, քան սուպերմարկետները, դեղատները, հյուրանոցները և այլն»,- ասել է ռեստորանատեր Մերիկո Գուբելաձեն:
Փետրվարի 1-ից Թբիլիսիում, հակառակ կառավարության խոստումներին, սկսել են աշխատել միայն առևտրի կենտրոնները։ Մնացած բոլոր սահմանափակումները, ներառյալ տրանսպորտի, շուկաների, ռեստորանների, ֆիթնես ակումբների, ժամանցի կենտրոնների գործունեության արգելքը, ուժի մեջ են մինչև մարտի 1-ը կամ մինչև վարակի մակարդակը իջնի 4%-ի: Դա խուճապ է առաջացրել բիզնեսի շրջանում, և բոլորը դուրս են եկել փողոց «Մենք չենք ուզում սնանկանալ կամ սովամահ լինել, եկեք աշխատենք» կոչերով:
Ըստ հետազոտության՝ սահմանափակումներ մտցնելուց հետո Թբիլիսիի բնակիչների 60% -ը եկամտի նվազում է ունեցել: