Ախալքալաքի մունիցիպալիտետի Լոմատուրցխ գյուղում, ինչպես և Ջավախքի մյուս գյուղերում, մարդիկ կանգնած են փողի քչության խնդրի առջև: Գյուղացիների մեծ մասի համար արտերկրում սեզոնային աշխատանքը եկամտի միակ աղբյուրն է, իսկ անցյալ տարի ցանած կարտոֆիլը ոչ մի կերպ չի վաճառվում:
Լոմատուրցխ գյուղում ապրում է մոտ 60 ընտանիք: 2020 թվականին այստեղ եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր: Նախորդ տարի նրանք չէին կարողացել մեկնել արտագնա աշխատանքների: Գյուղացիների մեծ մասը արտագնա աշխատանքի նպատակով հիմնականում մեկնում է Ռուսաստան:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Լոմատուրցխ գյուղի բնակիչները դժգոհում են, որ բազմիցս բողոքներ ներկայացնելուց հետո իրենց ոչ մի խնդիր չի լուծվել: Գյուղում աղբամաններ չկան, խմելու ջուրը քչություն է անում… Ըստ գյուղացիների, քանի որ գյուղում աղբամաններ չկան, բնակիչները աղբը թափում են գյուղի ծայրամասերում կամ անմիջապես գյուղում՝ ստեղծելով արհեստական աղբավայրեր: Ըստ նրանց՝ գյուղի տարբեր անկյուններում կարելի է հանդիպել ոչ մեծ աղբավայրերի: Սակայն, այս խնդիրների մասին այստեղ խոսում են որպես նախերգանք գլխավոր խնդիրներին: Ըստ գյուղացիների, իրենց համար կարեւոր խնդիրն այն է, որ գյուղացիները չեն կարողանում վաճառել իրենց գյուղմթերքը:
«Այս պահին ամենամեծ խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում իրացնել կարտոֆիլը, գնորդներ չկան», – ասում է գյուղի բնակիչներից մեկը ՝Արթուրը:
Գյուղի մեկ այլ բնակիչ Զավեն Քամալյանի խոսքով, այսօր բոլորի համար ամենակարևոր խնդիրն այն է, որ մարդիկ չեն կարող գումար աշխատել:
«Մենք այլևս չենք կարող այսպես ապրել: Շատ բնակիչների համար արտերկրում աշխատելը եկամտի միակ աղբյուրն է: Ինչպե՞ս կարող ենք ապրել, եթե պետության կողմից օգնություն չկա, և սահմանները փակ լինելու պատճառով չենք կարող արտագնա աշխատանքի գնալ: Թող Վրաստանը նույնպես բացի իր սահմանները», – ասում է նա:
Լոմատուրցխ գյուղում քաղաքապետի ներկայացուցչի՝ Վարշամ Աղաբաբյանի խոսքով, իրոք, գյուղացիների համար ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ բնակիչները չեն կարողացել մեկնել խոպան: Ըստ նրա, գյուղում մեծամասնության համար դա եկամտի միակ աղբյուրն է: Բայց տեղական իշխանությունները չեն կարող օգնել այս հարցում:
«Ինչ վերաբերում է աղբարկղերին, Սպասարկման կենտրոնից ինձ ասացին, որ այս փուլում աղբարկղեր կամ աղբատար մեքենա չկա: Հնարավորության դեպքում նրանք կլուծեն այս խնդիրը», – ասում է նա:
Ինչպես ավելի վաղ
JNEWS-ին հայտնել էր Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը, Սպասարկման կենտրոնը դեռ միջոցներ չունի, բայց հենց մունիցիպալիտետի կողմից ֆինանսավորում լինի, նրանք գյուղերում աղբամանները կտեղադրեն:
Վարշամ Աղաբաբյանի պնդմամբ՝ ջրի խնդիրն կլուծվի աստիճանաբար:
«Անցյալ տարի մենք փոխել ենք մոտ 2 կմ ջրագիծ, մնացածը կփոխվի՝ հենց լինի ֆինանսավորումը», – ասում է նա:
Այն պայմաններում, երբ գյուղացիներն իրենց ընտանիքների կարիքները հոգալու հնարավորություն չունեն, նրանք նույնիսկ ուշադրություն չեն դարձնում և տեղի իշխանություններից չեն պահանջում լուծել ջրի և աղբի հետ կապված խնդիրները: