ՌԴ ավիատոմսերի թանկացումն ու քաղաքացիների խնդիրները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացման 2 պատճառ կա։ Նրանց ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումից պարզ է դառնում, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում:
Փետրվարի մեկից, Ռուսաստանը բացել է իր սահմանները Հայաստան հետ, ուստի Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձինք կարող են գնալ Ռուսաստան, անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում: Դրանք են՝ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունն ու նախորոք ամրագրված տոմսերը: ՀՀ քաղաքացիները, սակայն, բողոքում են, որ ավիատոմսերի գները զգալիորեն թանկացել են։
Ավիատոմսների գների բարձրացումը պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ։ Սակայն մյուս կողմից այն կապված է նաև զգալի բարձր պահանջարկով պայմանավորված` «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։
«Մասնավորապես ՀՀ ռեզիդենտ «Ավիակոմպանիա Արմենիայի» ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2021-ի փետրվարի 1-ին ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանի օդային սահմանները բացվելու կապակցությամբ այդ ուղղությամբ տոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է։ Դրա հետևանքով տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը, որոնք դասակարգված են ըստ աճման կարգի՝ սահմանափակ քանակով, մինչև փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են, և վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ ընկերություններին, ապա ՏՄՊՊՀ–ն հայտնում է, որ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունը դուրս է հանձնաժողովին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակից և գտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ներքո:
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։
Անհրաժեշտ է անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։
Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։