Ինչո՞վ են տարբերվում բողոքի ցույցերը Հայաստանում եւ Վրաստանում
Վրաստանում ձեւավորվել են իրենց քաղաքական ավանդույթները, հասարակությունը, բնակչության ակտիվ հատվածը ցույցերի ժամանակ ավելի շարժուն է, քան Հայաստանում: Այս մասին փետրվարի 23-ին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նա հավելեց, որ Վրաստանում կուսակցական համակարգը ավելի զարգացած է, քան Հայաստանում:
«Սա վկայում է այն մասին, որ անհրաժեշտության դեպքում կառույցներն ու քաղաքական ռեսուրսները շատ արագ մոբիլիզացվում են այս կամ այն գործողությունները իրականացնելու համար»,- ընդգծեց նա:
Հակոբյանը նկատեց, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին հասարակության արձագանքն ակնթարթային է, երկար քննարկումներ չկան, ամեն ինչ տեղի է ունենում շատ արագ, եւ դա տվել է իր արդյունքները, ընդ որում՝ ոչ մեկ անգամ:
Փորձագետը պարզաբանեց, թե վրացական հասարակությունը հավատում է, որ ինքը կարող է հանդես գալ եւ արագ լուծել խնդիրները: Բացի այդ, այն թեզը, որ մարդիկ իրենք են փողոց դուրս գալիս, կայացած չէ: Միշտ առաջնորդներ են պետք։
«Հետաքրքիր է, որ Վրաստանում եւ Հայաստանում քաղաքական ավանդույթների ձեւավորումը տեղի ունեցավ միաժամանակ՝ ԽՍՀՄ փլուզման ընթացքում»,- եզրափակեց քաղտեխնոլոգը:
Հայաստանում եւ Վրաստանում բողոքի ցույցերի ուշագրավ առանձնահատկությունը նաեւ այն է, որ միջազգային կառույցները ակտիվորեն արձագանքում են Թբիլիսիի գործընթացներին, մինչդեռ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միջազգային հանրությունը կարծես չի նկատում: