Ավտոմեքենա գնել ու վաճառել կարելի է առանց ոստիկանության բաժանմունքներ այցելելու
Համակարգչի միջոցով օնլայն ավտոմեքենա գնելու համար անհրաժեշտ է, որ թե՛ գնորդը, թե՛ վաճառողը ունենան էլեկտրոնային քարտեր և էլեկտրոնային ստորագրություն։
Ավտոմեքենա գնելու ու վաճառելու համար քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել ոստիկանության բաժանմունքներ։ Դա հնարավոր կլինի անել առցանց եղանակով։
ՀՀ ոստիկանութան այս առաջարկն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության հերթական նիստում։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը պարզաբանելով կառավարության որոշումը, ասաց. «Այսուհետ հնարավոր կլինի հեռավար կարգով` համակարգչի միջոցով իրականացնել ավտոտրանսպորտային միջոցների գնման ու վաճառքի գործընթացը։ Անհրաժեշտ է ընդամենը, որ երկու կողմերն էլ` թե՛ գնորդը, թե՛ վաճառողը ունենան էլեկտրոնային քարտեր և էլեկտրոնային ստորագրության հնարավորություն»։
Նա նաև նշեց, որ առք ու վաճառքի պայմանագրի ձևն արդեն համացանցում առկա է։ Կողմերը պետք է հերթով հաստատեն այն իրենց էլեկտրոնային ստորագրությամբ։
Ճանապարհային ոստիկանություն գնորդը պետք է ներկայանա միայն մեքենայի պետհամարանիշը փոխանակելու համար։
Վարչապետը զարմացավ, թե ինչու է ավտոմեքենայի նոր տիրոջը պարտադրվում փոխել համարանիշը, եթե ինքը նման ցանկություն չի հայտնում։
«Չե՞նք կարող նախատեսել, որ եթե օնլայն մարդը վճարում է, դառնում է այդ մեքենայի սեփականատերը` նույն համարանիշով»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի աս առաջարկին արձագանքեց աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը. «Բավական խելամիտ առաջարկ է։ Առաջարկում եմ ոստիկանությանը հանձնարարել` ուսումնասիրել և վերջնական փոփոխություն բերել կառավարություն»։
Փոխվարչապետ Ավինյանն էլ նշեց, որ էլեկտրոնային ծառայությունները պարզեցնելւ համար առաջիկայում նախատեսվում է պարզեցնել նաև էլեկտրոնային ստորագրության ընթացակարգը։ Ավինյանի ձևակերպմամբ` դրա համար այլևս անհրաժեշտ չի լինի ունենալ հատուկ սարքեր, և ծառայությունը հասու կդառնա բոլոր քաղաքացիներին։