Ցամաքային սահմանների բացումը մեծ ռիսկ է Վրաստանի համար
Ցամաքային սահմանների բացումը երկրի համար մեծ ռիսկ է` գտնում է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Նա տեղեկացրել է, որ հարցը քննարկում են մասնագետներն ու շուտով կդրվի նաև միջգերատեսչական խորհրդի քննարկմանը: Վարակաբանը վստահ է` բոլորի համար բոլոր սահմանները միանգամից բացել չի կարելի, քանի որ սովորաբար այցելուների գերակշիռ մասն ընտրում է ցամաքային ուղին:
Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել էր, որ Վրաստանը կբացվի` պատվաստման բարձր տեմպերի դեպքում:
Վրաստանի ցամաքային ուղիները փակ են 2020-ի մարտից: Այդ ժամանակ ընդհատվեց նաև կանոնավոր ավիահաղորդակցությունը: Ընթացիկ տարվա փետրվարից օդային ճանապարհով Վրաստան հնարավոր է գալ` պանդեմիայով պայմանավորված մի շարք կաննոններ պահպանելով (այցելուն սահմանին ՊՇՌ թեստ է հանձնում, բացասական պատասխանի դեպքում ստանում է մուտքի իրավունք, այցի 3-րդ օրն իր հաշվին կրկնակի թեստավորվում է): Ցամաքային ու ծովային ուղիները օտարերկրացիների համար շարունակում են փակ մնալ` անհայտ ժամանակով:
Պատվաստման ամբողջական կուրս անցած և համապատասխան հավաստագիր ունեցող ցանկացած երկրի քաղաքացու համար Վրաստանի թե օդային, թե ցամաքային սահմանները բաց են:
Aliq.ge