Ծեծի ենթարկված օպերատորը կուրացել է
Վրաստանի հանրային հեռուստատեսության օպերատոր Իլյա Թվալիաշվիլին վնասել է զույգ աչքերը` հուլիսի 5-ին Թբիլիսիում ծայրահեղական հոմոֆոբ խմբի կողմից ծեծի ենթարկվելուց հետո: Փոխանցում է Ալիք Մեդիան:
Տեղական հեռուստաընկերություններից մեկում հարցազրույցում Թվալիշավիլին ասել է, որ մեկ աչքը ամբողջովին կորցրել է տեսնելու ունակությունը, ինքը չգիտի` երբ կկարողանա վերադառնալ աշխատանքի:
Ըստ Իլյայի` ռեպորտաժը նկարահանելիս իր վրա հարձակվել են տարբեր ուղղություններից. հիշում է, որ գետնին գլորվեց, ոտքերով ու ձեռքերով սկսեցին հարվածել: Բազմաթիվ հարվածներ է ստացել նաև գլխին: Հարվածներից մեկի ժամանակ կորցրել է գիտակցությունը. ասում է` մինչև հիմա չի կարող հասկանալ` ինչպես կարելի է այդքան անխնա ծեծել բոլորովին անծանոթ մարդու, ով քեզ վատ բան չի արել:
Հանրային հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակման մեղադրանքով այսօր արդեն 2-րդ անձն է բերման ենթարկվել: Ընդհանուր առմամբ` 21 անձ է բերման ենթարկվել` լրագրողների վրա հարձակման փաստով: Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով. Լրագրողների մասնագիտական գործունեությանն ապօրինի խոչընդոտում` բռնության սպառնալիքով (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև երկու տարի), հետապնդում, որն ուղեկցվել է բռնությամբ (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) , մասնակցություն խմբակային բռնությանը (պատժվում է ազատազրկմամբ ՝ չորսից վեց տարի ժամկետով):