Ամպրոպային հորդառատ անձրևներն ու ջրհեղեղից զոհվածների աճող քանակը
Առնվազն 133 զոհ և շուրջ 1300 անհետ կորած՝ սրանք են Գերմանիայի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղների նախնական հետևանքները։
Հորդառատ անձրևեների հետևանքով Արևմտյան Գերմանիայի խոշորագույն գետի՝ Հռենոսի մի շարք վտակները վերջին երկու օրերին դուրս են եկել ափերից՝ լայնածավալ ավերածությունների պատճառ դառնալով ոչ միայն Գերմանիայում, այլև Բելգիայում։ Այստեղ առնվազն 2 զոհ կա, երկրի հարավում գտնվող մի շարք բնակավայրերի ավելի քան հազար բնակիչներ տարհանվել են։
Ավերվել են շինություններ, քանդվել են կամուրջներ, ճանապարհները հեղեղված են։ Տարերային աղետն ամեն բան քանդում է ճանապարհին։
Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
ԶԼՄ-ները հայտնում են, որ Քյոլնից ոչ հեռու գտնվող Էրֆթշտադտ քաղաքում իրավիճակը վատանում է։
Արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում շարունակվում են անձրևները, որոնք պայմանավորված են «Բերնդ» ցիկլոնով։ Տարերքը հիմնականում հարված է հասցրել արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, այդ թվում՝ Ռեյնը, դուրս են եկել ափերից ու լցվել փողոցները:
Որոշ բնակավայրերի հնարավոր չէ մոտենալ հեղեղված ճանապարհների ու ավերված կամուրջների պատճառով։
Սրանք Գերմանիայի և հարակից երկրների տարածքներում խոշորագույն ջրհեղեղներն են 2002 թվականից ի վեր: 19 տարի առաջ Գերմանիայի արևելքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը, սակայն, չէր գերազանցում 21-ը։
Ամպրոպային հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել նաև Ավստրիայի մի քանի շրջաններում:
Վարարած գետի ջրերը դուրս են եկել հունից և հեղեղել Զալցբուրգ նահանգի Հալլայն քաղաքի կենտրոնը։
Ներկայում զոհեր կամ ավերածություններ չկան:
Ջհեղեղի վտանգ կա երկրի մի շարք շրջաններում, այս մասին նախազգուշացումներ են տրվել նահանգների բնակիչներին։Ավստրիայում անձրևներն ու ամպրոպները չեն դադարում ամբողջ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, Սոչիում իշխանությունները մի քանի օր շարունակ խնդրում էին բնակիչներից հավաքել անհրաժեշտ իրերն ու փաստաթղթերը՝ հնարավոր տարհանման դեպքում: Խերոտա և Մացեստա գետերում գրանցվում է ջրի մակարդակի կրիտիկական բարձրացում։