Հղիների մոտ կորոնավիրուսի բարդացումների վտանգն ավելի մեծ է. ԱՀԿ
Հղիությունը դասակարգվում է այնպիսի առողջական վիճակների շարքին, որի ընթացքում մեծանում է COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկը և խորհուրդ է տրվում պատվաստումներ իրականացնել: Ընդ որում, կրծքով կերակրող մայրերը կարող են շարունակել կերակրել իրենց երեխաներին նույնիսկ պատվաստումից հետո: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Իմունիզացիայի հարցով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի հանձնարարականներում:
Մասնագետները որոշել են հղի կանանց դասել առաջնային պատվաստումների երկրորդ խմբին: Ըստ ԱՀԿ-ի՝ ապագա մայրերը արժանի են հատուկ ուշադրության, քանի որ պատվաստումների հավանական օգուտներն ու ռիսկերը կապված են ոչ միայն նրանց, այլ նաև ապագա երեխաների առողջության հետ:
Պատվաստանյութերի փորձարկման և բաշխման ժամանակ այս խումբն արժանի ուշադրության չէր արժանացել: Միևնույն ժամանակ, առկա տվյալները վկայում են այն մասին, որ COVID-19-ով հիվանդացած հղի կանանց մոտ հիվանդության ծանր ընթացքի վտանգն ավելի մեծ է, քան վերարտադրողական տարիքի ոչ հղի կանանց մոտ:
Հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՀԿ արտակարգ օգտագործման ցանկում ներկայումս ներառված բոլոր պատվաստանյութերը փորձարկվել են հղի կենդանիների վրա, և որևէ բացասական ազդեցություն մոր կամ պտղի առողջության վրա չի արձանագրվել: