Թուրքիայում հրդեհների 14-րդ օրը
Թուրքիայում 14 օր շարունակվող անտառային հրդեհների մարման աշխատանքներում զգալի առաջընթաց է գրանցվել: Ընդհանուր առմամբ մարվել կամ վերահսկողության տակ է վերցվել այս օրերին երկրի 47 նահանգներում բռնկված 241 հրդեհի օջախներից 235-ը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ներկայումս շարունակվող 6 հրդեհի օջախներն էլ գտնվում են երկրի հարավարևմտյան Մուղլա ծովափնյա հանգստավայրային նահանգում:
Վնասի գնահատման ընթացիկ աշխատանքներից պարզվել է, որ այրվել է ընդհանուր առմամբ 83.810 հեկտար անտառածածկ տարածք: Անկել են հազարավոր ընտանի և վայրի կենդանիներ, հարյուրավոր քաղաքացիներ կորցրել են իրենց տները: Այրվել են նաև հասարակական նշանակության շինություններ՝ դպրոցներ, մզկիթներ և այլն:
Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Չեթին Օսման Բուդաքը խոսել է Թուրքիայում 13 օր շարունակվող հրդեհների պատճառած վնասների մասին:
Ըստ ընդդիմադիր պատգամաավորի՝ հրդեհների պատճառած վնասները կարող են գերազանցել 300 մլրդ թուրքական լիրան (35 մլրդ դոլար):
«Վերջին 10 օրում այրված անտառների մակերեսը հավասար է նախորդ ամբողջ տարվա ընթացքում վառված անտառածածկ տարածքի մակերեսին: Մոտավորապես 200 հազար հեկտար անտառային տարածք մոխրացել է: Այրված անտառների ու տուրիզմի ոլորտում գրանցվելիք վնասները մեր երկրի համար 300 մլրդ լիրայից (35 մլրդ դոլար) ավել կարժենան»,- ասել է Բուդաքը:
Վերջինս նշել է, որ 2019-ին միայն Անթալիայի Մանավգաթ (այստեղ էր հրդեհի խոշոր ու տևական օջախներից մեկը) շրջանի տուրիզմից ստացած եկամուտը կազմել է 4.5 մլրդ դոլար՝ տորիզմի վնասները կանխատեսելով առնվազն 100 մլրդ լիրա (11.6 մլրդ ոլար):
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել է նաև անասնապահության, մեղվաբուծության ու մի շարք արոմատիզատոր բույսերի ոչնչացման մասին:
Հրդեհի օջախների մարման աշխատանքներում այժմ ներգրավված են 15 հրշեջ ինքնաթիռ, 64 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք, 1 անօդաչու ուղղաթիռ, շուրջ 850 հրշեջ տեխնիկա, 150 տրակտոր և 5200 հրշեջ: