«Լարիի ամրապնդումը խոչընդոտում է արտահանման ծավալների աճին»
Լարիի փոխարժեքի ամրապնդումը խոչընդոտում է արտահանման ծավալների աճին, ասել է Վրաստանի միրգ և բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի նախագահ Վախթանգ Բեժիտաշվիլին։
Նրա խոսքով, լարիի փոխարժեքի ամրապնդման պատճառով վրացի արտահանողների համար դժվար է մրցակցել այլ երկրների արտադրանքի հետ, ինչը բացասաբար է անդրադառնում արտահանման վրա։
«Ազգային արժույթի ամրապնդումը անշահավետ է արտահանման համար։ Մեր արտադրանքն արդեն շատ թանկ է միջազգային շուկայում՝ համեմատած այլ երկրների արտադրանքի։ Հաշվի առնելով, որ թուրքական լիրան արժեզրկվում է, Թուրքիայից ներկրվող ապրանքներն արտաքին շուկայի համար էժանանում են։ Ուստի մեզ համար շատ դժվար է մրցակցել արտահանման շուկաներում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է արտահանման աճի տեմպերին, ապա, ըստ նրա, դա պայմանավորված է սեզոնի սկզբով։
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-մայիսին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 8,362 միլիարդ դոլար, ինչը 18,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն կազմել է 2,5 մլրդ դոլար (+18,6%), իսկ ներմուծումը` 5,8 մլրդ դոլար (+19,1%)։