Ախալցիխեում կենդանիների կողմից մարդկանց վնաս հասցնելու 187 դեպք է գրանցվել
Ախալցիխեի մունիցիպալիտետի հանրային առողջապահության և սոցիալական ծառայությունը ներկայացրել է 2023-2024 թվականների ընթացքում կատարված գործունեությունների զեկույցը խորհրդարանի նիստում: Ներկայացված զեկույցի համաձայն, 2024 թվականի հինգ ամիսների ընթացքում արձանագրվել է կենդանիների կողմից մարդկանց վնաս հասցնելու 187 դեպք: Դրանցից 110-ը վերաբերվում են սեփականատեր ունեցող կենդանիներին, իսկ 77-ը՝ թափառող կենդանիներին:
Ինչպես հայտարարել է ծառայության ղեկավար Նուգզար Կապանաձեն նիստի ընթացքում, բոլոր տուժածները ստացել են համապատասխան բժշկական օգնություն: Նրա խոսքով, կծող կենդանիներից մահացել է 4 շուն և 3 կատու: Սակայն այս կենդանիների վրա «Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային գործակալության» կողմից կատարված հետազոտությունների արդյունքում նրանցից ոչ մեկի մոտ կատաղություն չի հայտնաբերվել:
«Բոլոր դեպքերում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, վերահսկվել է յուրաքանչյուր տուժածի պատվաստման ընթացքը», - հայտարարել է Ախալցիխեի հանրային առողջապահության և սոցիալական ծառայության ղեկավար Նուգզար Կապանաձեն:
Ինչպես նշված է զեկույցում, նախորդ տարի կենդանիների կողմից հարձակման դեպքերի թիվը կազմել է 465: