Ջավախքում հուղարկավորեցին պատերազմում զոհված հերոսին
Արդեն 26 օր Արցախի սահմանում տևող պատերազմական գործողություններին իրենց մասնակցությամբ հայրենիքի սահմանները պաշտպանում է նաև ջավախահայությունը: Ջավախքից զոհվել է 19 զինծառայող: Զինվորի հուղարկավորումը տեղի ունեցավ այսօր, Հոկտեմբերի 22-ին:
Ռազմաճակատում զոհված 1987թ․ ծնված ջավախքցի Սարգիս Աղջոյանը ծնվել է Նինոծմինդայի Մեծ Արագյալ գյուղում:
Սովորել է տեղի թիվ 1 հայկական դպրոցում: Զինվորական կյանքի հանդեպ սերը նրան տարել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որտեղ բարձրագույն կրթությունը շարունակելուց հետո մինչ օրս ծառայում ու պաշտպանում էր հայրենիքի սահմանները։ 15 տարուց ավել լինելով զինվորական և հրամանատար՝ արժանացել է բազմաթիվ, գովասանագրերի, մեդալների ու կոչման։
Նինոծմինդա շրջանի «Փարվանա» հեռուստաընկերության լրագրող Լուսինե Մկրտչյանը, ով եղել է նաև Սարգսի հարևանը և մտերիմը Tert.am-ի հետ զրույցում նշում է, որ Սարգիսը իր ծնողների ավագ որդին է, ունի նաև մեկ քույր ու մեկ եղբայր։ Ամուսնանալով արցախցու հետ՝ բնակություն էր հաստատել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Իր սիրելի կնոջ հետ միասին մեծացնում էին իրենց զույգ բալիկներին։
«Սարգսի երազանքները շատ-շատ էին, ուզում էր հայրենիքը հաղթանակած տեսնել, շատ կապված էր իր երեխաների հետ, ուզում էր՝ աղջիկը բժիշկ դառնար, որ իր հետ միասին լինեին զինծառայողների կողքին: Դեպքից մի քանի ժամ առաջ խոսել է ծնողների հետ, ասել՝ մամ ջան չմտածեք, հաղթելու ենք, ու հաղթանակած տուն եմ գալու»,- ափսոսանքով հիշում է Լուսինե Մկրտչյանը:
Մայոր Սարգիս Աղջոյանն իր ջոկատի հետ միասին մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին: Այս անգամ էլ պատերազմի առաջին իսկ օրվանից նա իր զինվորների հետ միասին եղել է առաջնագծում։
Նկարը՝ Atv12