Վրաստանի խորհրդարանի դիմաց շարունակվում է բողոքի ցույցը, որը սկսվեց դեռես կեսօրին իշխող կուսակցության կողմից սահմանադրական փոփոխությունների օրինագծի տապալումից հետո:Նախապես հայտարարվել էր, որ 19։00-ին Խորհրդարանի դիմաց հավաքվելու են երկրի ապագայով մտահոգ քաղաքացիական ակտիվիստները։ Իսկ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն իրենց համախոհներին կոչ արեցին դուրս գալ փողոցային պայքարի։
Մինչ այդ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպել էին՝ քննարկելու հետագա համատեղ գործողությունների ծրագիրը, որը երեկոյան պետք է ներկայացվի նաև հանրությանը։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը 101 կողմ ձայներով տապալեց 2020 թվականին համամասնական ընտրակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։
Ցուցարարները ներկայացրեցին հիմնական պահանջները, որոնք ձեռք են բերել ընդհանուր քննարկումների արդյունքում, որին մասնակցում էին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները:
Պահանջները հետևյալն են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համամասնական կարգով ընտրություններ և անցումային կառավարություն:
Հայտնի է, որ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև մնացած մեծ քաղաքներում։ Քութայիսիում ցուցարարները ցուցադրաբար այրել են օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների ցուցակը։