31 տարի առաջ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ 1988-ի այս օրը՝ տեղական ժամանակով 11 անց 41 րոպեին Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջանում տեղի ունեցած 10 բալ ուժգնությամբ հզոր ցնցումն ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530.000 քաղաքացի։
Հիմնովին կամ մասնակի ավերվեցին բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր:
Փլվեցին բազմաթիվ գործարարններ ու արդյունաբերական նշանակության կառույցներ: Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց ավելի քան 13 միլիարդ ռուբլի։
Դժվարին այս օրերին երկրին ձեռք մեկնեց աշխարհի ավելի քան 113 երկիր ու 7 միջազգային կազմակերպություն։ Հայաստան ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, Վրաստանը երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ ու սննդամթերք: Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։
Աղետալի երկրաշարժի 31-ամյա տարելիցի կապակցությամբ երկրի բարձրագույն ղեկավարությունը կայցելի Սպիտակ և Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին: