Տոնական օրերը արտերկրում, մասնավորապես Վրաստանում անցկացրած և այժմ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներն ու երկիր ժամանող հյուրերը այս պահին խցանումների մեջ են հայտնվել սահմանային անցակետերում: Մեծ են հերթերը հատկապես Բագրատաշենի անցակետում:
Իրավիճակի մասին մեկնաբանություն ստանալու խնդրանքով SHANTNEWS.am-ը դիմեց Վրաստանում Հայաստանի դեսպանություն: Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հարությունյանը հայտնեց, որ խցանումները վերջին երկու օրերին են միայն՝ հունվարի 4-ին և 5-ին, վաղն արդեն խցանումներ չեն լինի:
«Թբիլիսիում Նոր տարի անցկացրածների վերադարձի օրերն են, ոչ մի արտառոց բան չկա»,- ասաց նա։
Հարցին՝ քանի՞ մեքենայի կուտակում կա, նա պատասխանեց, որ կոնկրետ թիվ հնարավոր չէ ասել, բայց դեռ հերթ է, շատ ավելի թեթև, քան երեկ։
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցներին ուղղված կոչին՝ գալ Հայաստան ու միասին նշել Ամանորը, Հայաստանում բնակվող ՀՀ շատ քաղաքացիներ նախընտրել են Նոր տարին նշել հարևան Վրաստանում:
Քաղաքացիները Նոր Տարին Վրաստանում նշելը համարում են
մատչելի:
Նյութի աղբյուր՝ Shantnews.am