Ռուսաստանը կշարունակի օգնել այլ երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում
«Ռոսպոտրեբնադզոր»-ում հայտարարել են, որ Ռուսաստանը շարունակում է օգնել այլ երկրներին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում։ Համագործակցությունը ծրագրվում է շարունակել նաեւ ապագայում, հայտնում է Gazeta-ն։
Ինչպես հստակեցրել են մամուլի ծառայությունում, երկիրը պարբերաբար արտասահմանյան երկրներին է մատակարարում COVID-19-ի հայտնաբերման թեսթ-համակարգեր։
«Համագործակցության ցուցաբերումը գործընկեր-երկրներին․․․ կշարունակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նաեւ ռուսական կողմը ուշադիր կհետեւի հարեւան երկրներում համաճարակային իրավիճակին, քանի որ համավարակի զսպման աշխատանքը շատ կարեւոր է ռուսաստանցիների առողջության ռիսկերի նվազեցման համար։
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5642 նոր դեպք, որոնք արձանագրվել են երկրի 78 շրջաններում (դեպքերի 45%-ը առանց ախտանշանների է եղել), 51 մարդ մահացել է, 427-ը` առողջացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52 763-ի, 456 մարդ մահացել է, 3873-ը՝ առողջացել:
Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 3083 դեպք, դրան հաջորդում են Մոսկվայի շրջանն ու Սանկտ Պետերբուրգը` համապատասխանաբար 718 և 127 դեպք:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 482 272 է, մահացել է 170 472 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: