Ռուսաստանում` կորոնավիրուսի նոր դեպքերի շեշտակի աճ
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 10․633-ով` հասնելով 134․687-ի երկրի բոլոր շրջաններում։ Ռուսաստանը վարակման դեպքերի թվով գերազանցել է Ֆրանսիային և այժմ աշխարհի մասշտաբով 6-րդ տեղում է: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը`հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Ռուսաստանում վարակված մարդկանցից 16․639-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, գրանցվել է մահվան 1280 դեպք:
Վերջին օրվա ընթացքում գրանցված վարակման դեպքերից 5345-ը կամ 50,3%-ը եղել են առանց ախտանշանների: Նոր դեպքերից 5948-ը գրանցվել է Մոսկվայում, 822-ը`Մոսկվայի շրջանում, 295-ը` Սանկտ Պետերբուրգում, 252-ը` Նիժնի Նովգորոդի շրջանում, 238-ը`Մուրմանսկի շրջանում, 136-ը` Դաղստանում:
Օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3․497․047 է, մահացել է 244․876 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: