Ախալքալաքում կարիքավոր ընտանիքները կստանան օգնություն
Ախալքալաքի մունիցիպալիտետում 418 կարիքավոր ընտանիք գյուղերում և քաղաքում կստանան մեկական պարկ (50 կգ) ալյուր: Մունիցիպալիտետում բաժանումն արդեն սկսվել է:
Ախալքալաքի քաղաքապետարանը կարիքավոր ընտանիքներին որպես օգնություն պատրաստել է առաջին կարգի մեկական պարկ ալյուր (50 կգ): Մունիցիպալիտետի գյուղերում օգնությունը ստանալու է 243 ընտանիք, իսկ քաղաքում` 175, ընդհանուրը կազմում է 418 ընտանիք: Սոցիալական ծառայությանը ընտանիքների ցանկը տրամադրվել է տարածքային շրջաններում քաղաքապետի լիազորների կողմից, յուրաքանչյուր գյուղից ընտրվել է 3-4 ընտանիք:
«Մենք ընտրել ենք այն ընտանիքներին, որոնք բազմազավակ են, կարիքավոր, և որոնք այլ պետական օգնություն չեն ստանում», – ասում է Ախալքալաքի Սոցիալական ծառայության ղեկավար Կլիմենտ Չտչյանը:
Այդ նպատակով տեղական բյուջեից մունիցիպալիտետը հատկացրել է 20 516 լարի: Տենդերը 19 563 լարիով (առանց ԱԱՀ-ի) շահել է «Նեբա» ՍՊԸ-ն:
Ալյուրի բաժանումը սկսվել է հունիսի 20-ին:
«Մենք արդեն սկսել ենք ալյուրը բաժանել: Քաղաքում ավարտել ենք, բաժանում ենք գյուղերում, և հնարավոր է վաղն ավարտենք նաև գյուղերում: Մենք ալյուրը տանում ենք գյուղեր, զանգահարում ենք լիազորներին, և նրանք նախազգուշացնում են ընտանիքներին, որպեսզի գան և ստանան », – ասում է «Նեբա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:
Jnews.ge