Տները ծածկվել է ջրով, դուրս են բերել 130 մեքենա. 125 կանչ Գյումրիում՝ անձրևից ու կարկուտից հետո
Գյումրիում ավելի քան 1 ժամ տևած հորդառատ անձրևի պատճառով շարունակում է կաթվածահար մնալ երթևեկությունը:
«Կանչերը շատ-շատ էին ու զանգերը չէին դադարում, տարաբնույթ 125 կանչ ենք ունեցել՝ տների նկուղների, տնակների ջրով ծածկվելուց մինչև մեքենաների ջրում հայտնվելը»,-զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Ալեքսան Գյոզալյանը: Հարյուրից ավելի կանչ գրանցվել է նաև Գյումրու համայնքապետարանում:
Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկից տեղեկացնում են, որ ահազանգերը հիմնականում շենքերի նկուղներում ու տներում լցված ջրին է վերաբերում: Բացի Գյումրիից հորդառատ անձրևից ու կարկուտից տուժել են նաև մարզի այլ համայնքներ:
Հատկանշական է, որ Գյումրիում ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որը պարզում է հուլիսի 13-ին շուրջ 1 ժամ տևած հորդառատ անձրևի ու կարկուտի պատճառած վնասի չափը: Տեղեկությունը հուլիսի 14-ին հրավիրված ասուլիսում հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նրա դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակի պատճառը ոչ միայն ջրահեռացումն է, այլև տեղումների աննախադեպ քանակը:
«Տեղումների քանակը հուլիսին, ըստ վիճակագրության, պետք է լիներ 46 մմ, մինչդեռ մեկ օրվա ընթացքում գրանցվել է 81 միլիմետր: Դա աննախադեպ էր,-ասաց նա:
«Եթե համայնքը հիմա չպետք է կանգնի բնակչի կողքին, էլ երբ է կանգնելու։ Եթե մեր ուժերից վեր լինի, կդիմենք կառավարությանը»,-ընդգծեց Բալասանյանը և ավելացրեց, որ խնդիրը հրատապ քննարկելու համար ավագանու արտահերթ նիստ կհրավիրեն։
Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն օրվա երկրորդ կեսից սկսած 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների տակ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Նախնական ամփոփված տվյալներով՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։ Շինությունների ջրահեռացման աշխատանքները շարունակվում են։
Գյումրու քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ, ինչն էլ նման խնդիրներ է առաջացրել: Նրա խոսքով՝ առկա խնդիրների վերացման համար կոմունալ ծառայությունն այս պահին ամբողջ կազմով և ունեցած տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Երևանյան խճուղի, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն:
16:00-ի սահմաններում քաղաքում սկսված հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:
Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։