Վրաց-հայկական սահմանի արգելքը կպահպանվի մինչև տարեվերջ
Armradio.am- Վրաստանը մինչև երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի վերականգնի Հայաստանի հետ ազատ տեղաշարժը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նման կարծիք են հայտնել վրացի փորձագետները՝ նշելով, որ սահմանային նույն սահմանափակումները կպահպանվեն նաև հարևան մյուս երկրների դեպքում ևս։
Մարտի կեսերից, կորոնավիրուսի համավարակի պատճառով իր սահմանները սկսեց փակել նաև Վրաստանը։
Մոտ կես տարի քաղաքացիների ազատ տեղաշարժի համար փակ վրաց-հայկական սահմանը չի բացվի առնվազն մինչև հոկտեմբերին սպասվող ընտրություններ։
«Կարծում եմ՝ մինչև ընտրություններ, հաստատ չի բացվի, իսկ ընտրություններից հետո Վրաստանում սպասվում է վիրուսի երկրորդ ալիքը, քանի որ մարդկանց շփումն ավելի է մեծանալու։ Հավանաբար, չեմ սխալվի, եթե ասեմ, որ չի բացվի մինչև տարեվերջ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։
Նրա կանխատեսմամբ ընտրություններից հետո Վրաստանում հնարավոր են կրկին կարանտինային գոտիներ սահմանվեն, փակվեն քաղաքներ ու համայնքներ։ Իսկ խորհրդարանական ընտրությունները Վրաստանը պատրաստվում է անցկացնել հոկտեմբերի 31-ին։
«Եթե նույնիսկ Հայաստանում օրական կտրվածքով հաստատվող դեպքերի թիվը նկատելիորեն կրճատվի, դա չի նշանակում թե հաջորդը օրը սահմանային ազատ տեղաշարժը կվերականգնվի։ Վրաստանում նոյեմբեր-դեկտեմբերին հնարավոր է կարանտինային խիստ դրություն, խիստ վերահսկողություն», -ասում է Ստեփանյանը՝ հավելելով, որ Վրաստանի հարևանների թվում Հայաստանը, իհարկե, բացառություն չէ։ Կորոնավիրուսային վատ իրավիճակ է նաև Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում։ Այս երկրների հետ ևս սահմանները «փակ» են՝ նույն կերպ։
Այսինքն՝ սահմանային արգելքի որոշումը կիրառվում է Վրաստանի բոլոր չորս հարևանների հետ, չի տարածվում բեռնափոխադրումների վրա։
Որոշ բացառություններ արդեն կան։ Վրաստանի քաղաքացի ուսանողները կարող են գնալ Հայաստան սովորելու և հակառակը։ Իսկ հայաստանցի գործարարները, ովքեր բիզնես ունեն այստեղ, կարող են մուտք գործել երկիր։
Քաղաքական հարցերով վրացի փորձագետ Գելա Վասաձեն ևս թերահավատորեն է նայում մինչև տարեվերջ սահմանային ազատ տեղաշարժի վերականգնմանը։
Վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսի հաստատվող դեպքերը ռեկորդային են Վրաստանի համար։ Բայց, ըստ նրա կա նաև քաղաքական պատճառը․
«Մինչև ընտրություններ դա հաստատ տեղի չունենա, իսկ դրանից հետո երկիրը գտնվելու է ցնցումային իրավիճակում, երբ սահմանների բացման հարցը դժվար թե օրակարգում հայտնվի․․․»։
Վրաստանն այսօր Եվրամիության մոտ 15 անվտանգ երկրների ցանկում է, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել շենգենյան տարածք: Իսկ Վրաստան առանց սահմանափակումների (առանց պարտադիր մեկուսացման) մուտք կարող են գործել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիները։ Այս որոշումն ըստ փորձագետների հնարավոր է ամեն պահի փոխվի՝ կապված կորոնավիրուսի տարածման տեմպերից։
Akhaltskha.net