Քաոս՝ ՊԵԿ-ի մաքսատանը. Ջավախքից փոխադրված հումանիտար բեռը չեն կարողանում ձևակերպել
Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը երեք խոշոր բեռնատարներով Ջավախքից ՀՀ է մտել հերթական մարդասիրական օժանդակությունը՝ 50 տոննա կարտոֆիլի տեսքով։ Բացի նրանից, որ Բավրայի սահմանային մաքսային կետում ինչ-ինչ ձևակերպումների համար ջավախահայերից երեք բեռնատարի համար ընդհանուր հաշվով շուրջ 40.000 դրամ է գանձվել (մարդասիրական օժանդակությունը բերող անձանց համար անհասկանալի բացատրություններ են տրվել այդ գումարի գանձման համար), այժմ էլ Չարբախի «Ուրբան» մաքսային տերմինալում են սկսվել հերթական բյուրոկրատական ու անհասկանալի քաշքշուկները։
«Մեկ բեռնատարը Բավրայում հաստատվել է մի անձի, մյուս երկուսը՝ մեկ այլ անձի անունով, ովքեր այս պահին այստեղ չեն, որպեսզի ձևակերպեն հումանիտար բեռը։ ԱԻՆ֊ի ներկայացուցիչն այստեղ է, որպեսզի իրեն հանձնվի բեռը, սակայն այն մարդիկ, որոնց անվամբ հաստատված է բեռը Բավրայի մաքսատանը, չկան», ֊ Yerkir.am-ի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց ջավախքցի վարորդը, որը փոխադրել է կարտոֆիլը։
Հարցին՝ ի՞նչ են պատասխանել մաքսային տերմինալից, վարորդներից մյուսն արձագանքեց. «Ասում են՝ եթե այդ մարդիկ չկան, ապա պետք է բեռը վերաձևակերպվի մեկ այլ անձի անունով, որպեսզի հանձնվի ԱԻՆ֊ի ներկայացուցչին, իսկ դրա համար պետք է ՊԵԿ ղեկավարության միջնորդությունը կամ թույլտվությունը։ Իսկ ՊԵԿ ղեկավարներին չեն կարող «բռնացնել»։ Մենք գիշերը ժամը երեքից այստեղ ենք՝ անորոշության և սպասումների մեջ»:
Վարորդն ավելացրեց, որ իրենք թեժ գծերով փորձել են կապվել ՊԵԿ֊ի ղեկավարության հետ, թեժ գծի ծառայությանը ներկայացրել են խնդիրը, սակայն ոչ մի կոնկրետ արձագանք կամ պատասխան չեն ստացել։ Դիմել են նաև որոշ անհատ ջավախահայերի, ներկայացրել իրավիճակը, սպասում են պատասխանի։
Հ.Գ. Քիչ առաջ (հոկտեմբերի 29-ին, ժամը 18։00-ին) հումանիտար օժանդակությունը Երևան հասցրած անձանցից տեղեկացանք, որ ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից փաստաթղթերի վերաձևակերպման խնդիրը կարգավորվել է, իսկ հումանիտար բեռը դատարկվել է։
Yerkir.am