Գործատուն հոկտեմբերի 1-ից պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխան. ՀՀ
ՀՀ առողջապահության նախարարը պատասխանել է օգտատերերին հուզող հարցերին, որոնցից մեկը վերաբերում է նոր կանոնին։
Հոկտեմբերի 1-ից ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։ Նախարարի այս որոշումը բուռն քննարկման թեմա է դարձել հանրության շրջանում։
Օգտատերերը նախարարին հարցրել են` նոր կանոնը հավասարապես տարածվո՞ւմ է բոլորի վրա, այդ թվում` պաշտոնյաների։
«Այո, կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։ Բոլորը, այդ թվում` պետական պաշտոնյաները, պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Եթե պետական պաշտոնյաները չպահպանեն այս կանոնը, նույնպես չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները: Մենք պետք է հավաստիանանք, որ քաղաքացին աշխատանքի ներկայանալիս վարակված չէ և վտանգ չի ներկայացնում իր շրջապատի համար»,- ասում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Իսկ ինչ վերաբերում է պատվաստումների պարտադրմանը, ապա նախարարը վստահեցրել է, որ որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել պահպանելով օրենքով սահմանված պայմանները։
«Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին»,– եզրափակել է նա:
Հիշեցնենք` վերջին տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 247 666–ի, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4979 է։