Վախ մահից և անպտղությունից. Ինչու՞ են հրաժարվում պատվաստվելուց
Վրաստանի քաղաքացիների մեծ մասը, ովքեր հրաժարվում են պատվաստումից, դա բացատրում են «կողմնակի ազդեցություններից» վախերով: Դրա ներքո նրանք նկատի ունեն հնարավոր անպտղությունը, մուտացիոն փոփոխությունները և մահը: Գրում է Ջավախքի լրատվական կայքը:
Վրաստանի բնակիչների 31.4%-ը հայտարարել է, որ մտադիր չէ պատվաստվել:
Այսպիսին են «Ընտանիքների և երեխաների բարեկեցության վրա իրական ժամանակում COVID-19-ի ազդեցության վերաբերյալ» հետազոտության տվյալները, որոնք հրապարակվել են Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի կողմից:
Նրանք, ովքեր հրաժարվում են պատվաստումից, անվանում են հետևյալ պատճառները.
58.1%-ը՝ պատվաստման հետևանքով առաջացած հնարավոր կողմնակի ազդեցությունները,
37.5%-ը՝ վախենում է անպտղությունից կամ մահից,
36.5%-ը՝ կարծում է, որ պատվաստանյութը ստեղծվել է շատ արագ, նոր է և ոչ բավարար ուսումնասիրված,
17.9%-ը՝ չեն վստահում պատվաստանյութերի կոնկրետ արտադրողներին,
8.5%-ը՝ մատնանշում է առողջական խնդիրները,
7.5%-ը՝ վարակվել են կորոնավիրուսով և կարծում են, որ պատվաստման կարիք այլևս չունեն,
1.0%-ը՝ պատվաստումը հակասում է նրանց կրոնական հայացքներին:
Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 671 295 մարդ: Ներկայումս երկրի չափահաս բնակչության ոչ ավելի, քան 25%-ը պատվաստվել է պատվաստանյութի երկու դեղաչափով:
Համաճարակաբան Խաթունա Զախաշվիլին, մեկնաբանելով ուսումնասիրությունը, ասաց, որ բոլոր պատվաստանյութերը լիովին անվտանգ են, իսկ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ գոյություն ունեցող տեսությունները վնաս են ներկայացնում հասարակության համար:
Դրա հետ մեկտեղ, փորձագետները կարծում են, որ պատվաստման նկատմամբ քաղաքացիների նման վերաբերմունքը պայմանավորված է հասարակության շրջանում տեղեկատվության պակասով: