Լատվիայում չպատվաստված քաղաքացիներին կարգելեն խանութ մտնել
Լատվիայի կառավարությունն այսօր կհաստատի Ճգնաժամային կառավարման խորհրդի որոշումը՝ չպատվաստված քաղաքացիների մուտքը խանութներ արգելելու մասին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Կրիշյանիս Կարինշը։
«Սահմանափակումները կվերաբերեն խանութների գործունեությանը։ Դրանք հասանելի կլինեն միայն պատվաստման վկայագիր ունեցող մարդկանց։ Բացառություն կլինեն առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները, օրինակ՝ մթերայինները»,-վարչապետի խոսքերն է փոխանցում լատվիական Delfi պորտալը։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ սահմանափակումները չեն անդրադառնա կրթական գործընթացի վրա, սակայն աշակերտներին կպարտավորեցնեն դիմակ կրել։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի՝ նշելով, որ կառավարության անդամները նույնպես անցում կկատարեն հեռավար ձևաչափով աշխատանքի։
Ուժեղացված հակաքովիդային միջոցառումները երկրում կգործեն 3 ամիս։