ՄԱԿ-ում հայտնել են նոր համաշխարհային ճգնաժամի մասին
Կլիմայի փոփոխության պատճառով աշխարհին սպառնում է գլոբալ ջրային ճգնաժամ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում, գրում է Associated Press-ը։
Փաստաթղթում նշվում է, որ սկսած 2000 թվականից՝ ջրհեղեղների հետ կապված տարերային աղետների թիվը ողջ աշխարհում ավելացել է 134 տոկոսով՝ համեմատած նախորդ երկու տասնամյակների հետ։ Նշվում է, որ ջրհեղեղների հետ կապված մահերի և տնտեսական վնասի մեծ մասը բաժին է ընկել Ասիային։
Բացի այդ, երաշտի հետ կապված տարերային աղետների հաճախակնությունը նույն ժամանակահատվածում աճել է 29 տոկոսով։ Երաշտից առավել մեծ տնտեսական վնաս է կրել Հյուսիսային Ամերիկան, Ասիան և Կարիբյան ավազանը։ Աֆրիկայում գրանցվել է երաշտով այմանավորված մահվան դեպքերի աճ։
Ինչպես նշում են փորձագետները, աշխարհի բոլոր քաղաքների արդեն 25 տոկոսը բախվում է խմելու ջրի պակասի։
Զեկույցում նշվում է, որ վերջին երկու տասնամյակում մոլորակում մակերևութային և գրունտային ջրերի, ինչպես նաև հողում, ձյան և սառույցի մեջ պարունակվող ջրի համընդհանուր պաշարները կրճատվել են տարեկան 1 սմ-ով։
ՄԱԿ-ում կանխատեսում են, որ մոլորակի բնակչության հետագա աճը կուժեղացնի ծանրաբեռնվածությունը ջրամատակարարման վրա, հատկապես Սահարայից հարավ ընկած երկրներում։
Գիտնականները հաստատում են, որ 2050 թվականին ջրին սահմանափակ հասանելիություն ունեցող մարդկանց թիվը կգերազանցի 5 միլիարդը։