ՌԴ-ում Covid-19-ից մահվան դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել
Ռուսաստանում Covid-19-ից մահվան դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 1106 մահ։
Ընդհանուր առմամբ պանդեմիայի բռնկումից ի վեր կորոնավիրուսից ՌԴ-ում 232,775 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հոկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի 36,446 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվել է 8,316,019 մարդ։
Ռուսաստանում Covid-19-ից մահացության ռեկորդային նախորդ ցուցանիշը գրանցվել էր հոկտեմբերի 23-ին՝ Covid-19-ից և դրա հետևանքներից մահացել էր 1075 մարդ։ Հոկտեմբերի 23-ի դրությամբ նաև կորոնավիրուսով վարակի 37, 678 նոր դեպք էր գրանցվել, որը ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր։
Արդեն մի քանի շաբաթ շարունակվող վարակման նոր դեպքերի աճի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ոչ աշխատանքային օրեր է հայտարարել հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը, իսկ առավել բարդ համաճարակային իրավիճակով շրջաններում՝ արդեն հոմտեմբերի 23-ից։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում, սահմանափակումները կարող են նոյեմբերի 7-ից հետո կրկին երկարացվել։