Հայաստանն ու Ադրբեջանը հայտնում են սահմանային գոտում կրակոցների մասին
Հայաստանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ադրբեջանական զինուժի մարտիկները գնդակոծել են Տավուշի մարզում տեղակայված հայկական Պաշտպանական բանակի դիրքերը։ Հայ զինվորները պատասխանել են պատասխան կրակով: Նախարարությունից հայտնում են, որ ներկայումս շրջանում իրավիճակը կայուն է։
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական զորքերը կրակ են բացել Թովուզի շրջանում տեղակայված ադրբեջանական զինուժի ուղղությամբ։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժը պատասխանել է պատասխան կրակով։
«Ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում և ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը», - հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ռուսաստանի ԱԽ խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը՝ ռուս գործընկերոջը ներկայացնելով «Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը»:
Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը հայտնում է, թե Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար:
Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։
Հայկական կողմը հաղորդում է 1 զոհի և 13 գերեվարված զինծառայողի մասին, ևս 24-ի ճակատագիրն անհայտ է: Ադրբեջանն ունի 7 զոհ և 10 վիրավոր: