Մեկ տարում սոցիալական օգնություն ստացողների թիվն ավելացել է Վրաստանի բոլոր շրջաններում։ Օգնությունից ամենաշատն օգտվել են Սամցխե-Ջավախքում, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում և Քվեմո Քարթլիում:
Սամցխե-Ջավախքում նախորդ տարվա դեկտեմբերին գրանցվել է 19 393 սոցիալապես անապահով անձ, իսկ 2020 թվականի դեկտեմբերին՝ 13 613։ Աճը կազմել է 42,4%։
Վերջին մեկ տարում կենսապահովման նպաստ ստացողների թիվն աճել է 22,6%-ով։ Սոցիալական ծառայությունների գործակալության կայքում հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերին պետության կողմից աջակցություն է ստացել 643 167 մարդ, ինչը 118 569-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ 2020 թվականի դեկտեմբերին պետական օգնության կարիք ուներ 524 598 մարդ։