«Պատժամիջոցներ ռուսական էլիտայի, նրանց ընտանիքների նկատմամբ»
Ռուսաստանի կողմից անջատողական տարածաշրջանների ճանաչումը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկիզբն է,- այս մասին ժամեր առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։
Ըստ Բայդենի՝ Պուտինի այս քայլը միջազգային նորմերի կոպիտ խախտում է։ Բացի այդ, Ջո Բայդենը խոսել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
«Ռուսաստանի կողմից անջատողական շրջանների ճանաչումը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման սկիզբն է։ Ի՞նչն է Պուտինին իրավունք տալիս, հարևան երկրների տարածքները ճանաչել որպես այսպես կոչված երկրներ: Սա միջազգային նորմերի կոպիտ խախտում է։ Մենք արգելափակող պատժամիջոց ենք սահմանել ռուսական երկու ֆինանսական հաստատությունների՝ Զարգացման պետական կորպորացիայի և Ռազմական բանկի նկատմամբ։ Մենք համապարփակ պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի սուվերեն պարտքի նկատմամբ, ինչը նշանակում է, որ մենք դադարեցրել ենք Ռուսաստանի կառավարությանը արևմուտքի ֆինանսավորումը։ Նա այլևս չի կարողանա փող ստանալ Արևմուտքից և չի կարողանա նոր պարտքով առևտուր անել մեր շուկաներում կամ եվրոպական շուկաներում։ Վաղվանից մենք պատժամիջոցներ կկիրառենք ռուսական էլիտայի և նրանց ընտանիքների դեմ։ Նրանք կիսում են Կրեմլի քաղաքականության կոռուպցիոն օգուտները և կկիսեն նաև ցավը: Ռուսաստանի գործողությունների պատճառով մենք աշխատել ենք Գերմանիայի հետ, որպեսզի համոզվենք, որ «Հյուսիսային հոսքը» չշարունակվի այնպես, ինչպես խոստացել էինք»,- ասել է Բայդենը։