Լուրեր
Սամցխե-Ջավախքի շրջանային լիազորի տեղակալը հայտարարագիրը լրացրել է թերի
Պետական ներկայացուցիչների և նրանց տեղակալների մի մասը հայտարարագրերը լրացրել են թերի: Այս մասին կարդում ենք «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության կատարած ուսումնասիրության մեջ:
«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունն ուսումնասիրել է երկրում մունիցիպալիտետների բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց բիզնես-հետաքրքրություններն ու 2021 թվականին լրացրած հայտարարագրերը: Պարզվել է, որ Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի տեղակալ Զուրաբ Խաչիձեն 2021 թվականի օգոստոսին լրացված հայտարարագրում չի նշել իրեն պատկանող բնակարանը, որը գտնվում է Թբիլիսիի Անջափարիձեի փողոցում։
Նա նաև չի նշել, որ իր կինը՝ Նատալյա Ջորդանիան, բնակարան ունի Թբիլիսիի Կոստավա փողոցում։ Այս տեղեկությունը Խաչիձեի կողմից գրված էր նախորդ՝ 2020թվականի հայտարարագրում:
Զուրաբ Խաչիձեի հետ փորձեցինք պարզել, թե ինչու նա երկու տների մասին տեղեկություն չի ներառել հայտարարագրում, բայց նրա հեռախոսն անջատված է։ Մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին նաև մարզպետարանում:
«Գործող 36 պաշտոնյաներից 12-ը թերի են լրացրել հայտարարագիրը։ Նրանցից 6-ը ընկերությունում առկա բաժնեմասը կառավարման իրավունքով այլ անձի չեն փոխանցել։ Բացահայտվել է մի դեպք, երբ պաշտոնյան միաժամանակ եղել է ձեռնարկության տնօրենը, ինչպես նաև չի հայտարարագրվել ընտանիքի անդամին պատկանող ընկերությունը: 5 դեպքում պաշտոնատար անձինք հայտարարագրում չեն նշել իրեն և/կամ ընտանիքի անդամին պատկանող անշարժ գույքը»,- ասված է կազմակերպության հրապարակած հրապարակման մեջ։
Տարածեք :