Ինչ է կատարվել փետրվարի 27-ի գիշերը՝ հակիրճ.
Եվրամիության երկրները հայտարարել են ռուսական որոշ բանկերի SWIFT համակարգից անջատելու որոշման մասին, ինչը կապված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ։ «Դա արդյունավետորեն կարգելափակի ռուսական արտահանումն ու ներկրումը, բանկերը չեն կարողանա իրականացնել միջազգային գործարքներ»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Թե որ բանկերն են անջատվել և ինչ պայմաններով, դեռևս հայտնի չէ։ Ռուսաստանի բանկի նկատմամբ սահմանափակող միջոցներ են կիրառում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան։ Բացի այդ, ԵՄ-ն աշխատում է արտասահմանում ռուսական օլիգարխների կողմից ակտիվների կիրառման արգելքի ուղղությամբ։
Ուկրաինական քաղաքներում գնդակոծությունները շարունակվում են։ Խարկովում արկն ընկել է 9-հարկանի բնակելի շենքի վրա, զոհվել է 1 կին։ Սումի քաղաքում, հրետանային արկակոծման հետևանքով, Սելխոզտեխնիկի փողոցի վրա զոհվել է 1 տղամարդ։ Սումի մարզի նահանգապետ Դմիտրի Ժիվիցկին հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում Ախտիրկայի գնդակոծությունների հետևանքով զոհվել է 6 մարդ՝ ներառյալ մեկ երեխա։ Աղջնակը եղել է 7 տարեկան։ Գնդակոծությունից հետո Կիևից 33 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վասիլկովում էլ այրվել է նավթաբազան։
Ռուսական իշխանություններն առաջին անգամ հայտարարել են Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողի վերաբերյալ։ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքում ռուսաստանցի կադրային սպա Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովի մահվան առիթով։ Մելիկովը ռուսաստանցի առաջին պաշտոնյան է, որը պաշտոնապես հայտարարել է ռուսական կողմի մարտական կորուստների մասին։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ «հատուկ գործողության» ընթացքում ռուսական բանակը կորուստներ չի կրում։
Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Սլովենիայի ավիաընկերությունների համար։ Ռոսավիացիան հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է «ավիացիոն իշխանությունների ոչ բարեկամական որոշումների պատճառով»։