Ռուբլու անկումը անհանգստացնում է. Քերոբյան
Ուկրաինայում շարունակվում են ռազմական գործողությունները։ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին ռուբլին շարունակաբար անկում է ապրում, Ռուսաստանի նկատմամբ էլ նորանոր պատժամիջոցներ են սահմանվում։ Ռուսաստանը համարվում է Հայաստանի թիվ 1 տնտեսական գործընկերը, և այս ամենն ինչպիսի՞ ազդեցություն կթողնի մեր երկրի տնտեսության վրա, և ինչպե՞ս նվազագույնի բերել այդ ազդեցությունը։ Թեմայի շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արտակ Հովհաննիսյանի հետ զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Առաջինը, ինչն ամենակարևորն է, այս իրավիճակն անհանգստացնում է հենց հումանիտար առումով, որովհետև վերաբերելու է շատ մարդկանց կյանքին, նրանց բարեկեցությանը և այլն։ Քանի որ երկու երկրներն էլ խոշոր հայ համայնքներ ունեցող, մեզ հետ խոշոր գործընկերային և առևտրային հարաբերություններ ունեցող երկրներ են, մեզ շատ է անհանգստացնում այս վիճակը։ Երկրորդը, դուք ճիշտ եք՝ սանկցիաները, որոնք գալիս են Ռուսաստանի վրա, անպայման իրենց ազդեցությունը կունենան նաև հայ-ռուսական առևտրային հարաբերությունների վրա, բայց պարտադիր չէ, որ դրանք լինեն միայն բացասական։ Ռուսական ընկերությունները, որոնք ունեն որոշակի սահմանափակումներ, գուցե այլ ճանապարհներով, գուցե նաև Հայաստանի միջոցով փորձեն իրենց ճանապարհը գտնել դեպի միջազգային շուկաներ և այստեղ, իհարկե, մեծ քանակի բարդություններին զուգահեռ, կան նաև փոքր հնարավորություններ, որոնք կարող են լինել։ Մեր աշխատանքը կառուցում ենք այսպես․ փորձում ենք հասկանալ բոլոր վտանգները և դրանք չեզոքացնում, և եթե կան որոշակի հնարավորություններ, ապա դրանք էլ օգտագործել։ Ռուբլու անկումը անհանգստացնում է արտահանման առումով։ Մենք շատ լավ ցուցանիշներ ենք ունեցել 2021թ․-ին և 2022թ․-ի հունվար ամսին և, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որ պահպանենք աճի տեմպերը»,- ասել է նախարարը։