ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն «անհետացել է»՝ Կուլեբա
Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան հայտնել է, որ երկրի իշխանությունը հիասթափվել է ՆԱՏՕ-ից: Նախարարը նշել է, որ դաշինքն ունի քաղաքական համաձայնագիր, որը կարգավորում է Ուկրաինային բազմակողմանի օգնությունը։ Սակայն իրականում ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն «անհետացել է», մատնանշել է Կուլեբան։
«Ուկրաինացիները պետք է հստակ և ազնվորեն տեսնեն, որ ՆԱՏՕ-ն իրականում այն չէ, ինչ նրանք պատկերացնում էին, գոնե մինչ այժմ»,- ասել է նա ուկրաինական հեռուստաալիքների եթերում:
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ ՆԱՏՕ-ի անվճռական դիրքորոշումը խնդիր է ոչ միայն Կիևի, այլև հենց կազմակերպության համար։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը «թույլ և շփոթված» էր անվանել՝ դաշինքի կողմից երկրի երկինքը փակելուց հրաժարվելու պատճառով։ Ուկրաինայի ղեկավարը նաև կասկած է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանել որևէ մեկին, այդ թվում՝ դաշինքի երկրներին։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՆԱՏՕ-ի երկրները լավ գիտեն, որ չեն կարող ուղղակիորեն օգտագործել իրենց ուժերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։
Ուրբաթ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի կարող ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի վրայով, քանի որ դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում, որին կմասնակցեն ավելի շատ երկրներ։
Մարտի 1-ին Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում հայտարարել էր Ուկրաինայի երկինքը փակելու անհրաժեշտության մասին՝ բացատրելով, որ ուկրաինացի զինվորականները տեղում կկարողանան դիմակայել Ռուսաստանի Զինված ուժերին։ Հետո նա մի քանի անգամ կրկնել էր իր խնդրանքը, սակայն արևմտյան երկրներն ընդգծել են այս գաղափարի վտանգավորությունը։