Ռուսաստանի դեմ պատժամիջոցները համարժեք են պատերազմ հայտարարելուն. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության մասին որոշումը ծանր է անվանել։ Նա այդ մասին ասել է ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Ռուսաստանը փորձում էր Ուկրաինայի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
«Պետք էր թողնել, որ Դոնբասը ռուսերեն խոսի և ապրի, ինչպես ինքն է ուզում, բայց շրջափակում կազմակերպեցին»,– ավելացրել է Պուտինը:
ՌԴ նախագահը աբսուրդի թատրոն է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանը չէր պատրաստվում կատարել Մինսկի համաձայնագրերը. 2014 թվականից ի վեր Դոնբասում 13-14 հազար մարդ է սպանվել, Արևմուտքը դա չի նկատել։
«Ուկրաինայում ՌԴ զինվորականները պայքարում են ապագայի համար, այնտեղ ոչ թե մտացածին, այլ իրական սպառնալիք է»,– ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով` հիմա Ուկրաինայի փողոցներում բռնում ու սպանում են այն մարդկանց, որոնք այլ կարծիք ունեն։
Ռազմական հատուկ գործողությանը մասնակցում են պրոֆեսիոնալ զինծառայողները, զորակոչիկներ չկան և չեն նախատեսվում։ Ուկրաինայում գրեթե ոչնչացվել է ամբողջ ռազմական ենթակառուցվածքը, համարյա ավարտվել է ՀՕՊ–ի չեզոքացումը:
Նա նաև նշել է, որ չի պատրաստվում ռազմական կամ հատուկ դրություն մտցնել Ռուսաստանում։
Նախագահի խոսքով` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները համարժեք են պատերազմ հայտարարելուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել: