«Ուզում եմ, որ Պուտինը դադարեցնի այս խելահեղությունը». ակցիա Երևանում
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առջև ուկրաինացիներն իրենց հիմն են երգում` «դադարեցրեք պատերազմը», «ո՛չ պատերազմին» պաստառները պարզած:
«Ուզում եմ, որ այս հիմար պատերազմն ավարտվի»,- ասում է Անաստասիա Սախալտուևան: Ինքն այստեղ է, բոլոր հարազատները, ընկերները` Կիևում:
«Ես ուզում եմ, որ հարազատներս, ընկերներս ողջ-առողջ մնան, ուզում եմ, որ Պուտինը դադարեցնի այս խելահեղությունը, այլ կերպ չես անվանի. այնտեղ ազգայնականներ չկան, նացիստներ չկան, իմ ընկերները սովորական ուկրաինացիներ են», - ասում է նա:
Ալյոնան Հայաստանում անիմացիոն մուլտֆիլմեր է նկարահանում պատերազմի այս օրերին. «Մենք խաղաղության, երեխաների կողմից ենք, չենք ուզում, որ մահանան նրանք»:
Ալյոնա Ստեպանովան Ղրիմում է ծնվել, 20 տարի ապրել այնտեղ ու տեղափոխվել Կիև: «Տեսնում էի, թե ինչպես է Ղրիմն անջատվում ամեն ինչից, չդիմացա, Հայաստան եկա, - ասում է, - ես դեմ եմ պատերազմին, ոչ ոք չպետք է մեռնի, ոչ ոք չպետք է ամեն օր ասի՝ մենք ողջ ենք, մի՛ անհանգստացելք: Դա սարսափելի է, էլ բառեր չունեմ»:
Դեսպանատան առջև ուկրաինացիներ են, կիսով չափ ուկրաինացիներ, կիսով չափ ռուսներ, հայեր: Ռուբինա Շահվերդյանը կես հայ-կես ուկրաինուհի է՝ Երևանի ու Օդեսայի միջև է ապրում:
«Այս պատերազմներին սիրտ չի դիմանում,-ասում է՝ հիշելով իր տառապանքները նաև արցախյան պատերազմի օրերին, - դե Օդեսայում, փասռք Աստծո, մի քիչ հանգիստ է, բայց էսօր օրինակ` էսօր Օդեսայի կողքերը ռումբեր էին, շատ ահավոր բան է: Այսքան կյանքում երբեք անեծք չեմ արել, որքան այս 10 օրում»:
«Ուկրաինան կռվում է, Ուկրաինան չի հանձնվում, մենք առավելագույն վնաս ենք հասցնում Եվրոպայի թիվ մեկի համարումն ունեցող բանակին, չենք հանձնվելու, կապիտուլյացիայի չենք ենթարկվելու, նրանց պայմանները չենք ընդունելու», - հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, որը ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում Հայաստանի ձեռնպահ քվեարկությունը: